ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարչապետ․ Մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում

Վարչապետ․ Մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում
06.07.2018 | 23:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում պատասխանել է «Ազատության» հարցերին:


«Ազատություն»․ - Պարոն վարչապետ, իրավապահների գործողությունների մասով նախկին իշխանություններից, մասնավորապես Սերժ Սարգսյանը փորձե՞լ է Ձեզ հետ կապ հաստատել: Արդեն իր ընտանիքին են հասել այս գործողությունները:
Փաշինյան․ - Ոչ: Որևէ մեկը չի փորձել ինձ հետ կապ հաստատել: Բայց ես Ձեր ձևակերպումը զուտ իրավական առումով էդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում և ինչ-որ անհատի հետևից չենք գնում: Մենք գնում ենք իրավապահ մարմինների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության հետևից:
«Ազատություն»․ - Ես նկատի ունեի, որ խնդրեն, որ քաղաքական լուծում տրվի:
Փաշինյան․ - Կարծում եմ, բոլորը գիտեն, որ այդպես չի լինի, և անիմաստ է որևէ հարցով դիմել: Մեզ վրա պլան չի դրված, որ մենք պետք ա էսքան բացահայտում անենք: Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն, իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն: Այս երկու սկզբունքի շրջանակներում ինչ տեղի կունենա, դա մեր պլանավորման խնդիրը չէ, իրողություններից բխող խնդիր է:
«Ազատություն»․ - Դուք, երկարամյա ընդդիմադիր գործիչ լինելով, բարձրաձայնելով թալանի մասին, այնուամենայնիվ այսպիսի ծավալ պատկերացնու՞մ էիք:
Փաշինյան․ - Ծավալների մասին, ճիշտն ասած, դեռ չեմ կարող հետևություններ անել, բայց ես որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ուղղակի ցնցված եմ:
«Ազատություն»․ - Կա՞ն արդեն տվյալներ, թե ինչքան է բյուջե վերադարձվել:
Փաշինյան․ - Ոչ: Կամփոփվեն առաջին արդյունքները՝ կասվի: Ես վախենում եմ սխալվել ուղղակի․․․ տասնյակ միլիոններ պետք է լինի:
«Ազատություն»․ - Դուք հաջորդ շաբաթ Բրյուսել եք գնում: Երևանը ի՞նչ օրակարգով է գնում ՆԱՏՕ-ի հավաքին:
Փաշինյան․ - Մենք ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրները:
«Ազատություն»․ - Ամուլսարի հարցով կողմերը չուզեցան զիջումների գնալ․․․
Փաշինյան․ - Ես իմ դիրքորոշումը, ըստ էության, արդեն ասացի․ պետք է քննարկենք և խնդրի էությունը հասկանանք: Ես համաձայն չեմ, որ առանց խնդրի էությունը խորապես և փաստարկված, փաստերի վրա հիմնվելով հասկանալու, որևէ որոշման մասին խոսք կարող է լինել: Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն: Ես հույս ունեմ, որ համագործակցության դաշտ կա: Անպայման [պետք է ստեղծվի փաստահավաք խումբը], մենք պետք է փաստեր ունենանք՝ անկախ նրանից, թե կողմերը ինչպիսի դիրքորոշումներ ունեն: Մենք մեր դիրքորոշումն ունենք, որը չի փոխվում: Պետք է փաստերը լինեն անառարկելի և համոզիչ:
Անդրադառնալով սահմանային դիրքերում տիրող իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Ինձ ամեն օր են զեկուցում այդ իրավիճակի մասին, և ինչ որ նախկինում ասել եմ, նոր բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն, և սրանով ամեն ինչ ասված է: Ես ուզում եմ, որ մենք այս իրավիճակը ոչ գերագնահատենք, ոչ էլ թերագնահատենք: Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ արձանագրել են, որ ըստ էության մենք խաղաղության պայմանագիր չունենք, մենք ունենք ընդամենը զինադադար, հրադադար: Եվ ունենք հրադադարի խախտման դեպքեր, անընդհատ, հրադադարի հաստատումից գործնականում անմիջապես հետո»։

Դիտվել է՝ 5615

Մեկնաբանություններ